Փաշինյանը Պուտինի հետ քննարկումներում մշտապես բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը. Արման Եղոյան

Armenpress 12:45, 17 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաև Ռուսաստանի առաջ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Եղոյանն ասել է.

«Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանն՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարևոր արձանագրում:

 Ցավոք, պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան:

Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել  այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը:

 Հայաստանը տրամադրված է շարունակել քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am