Գործարկվեց ԱԱԾ պաշտոնական կայքէջի նոր տարբերակը

Armenpress 14:20, 15 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքէջի նոր տարբերակը, որը գործարկվել է դեկտեմբերի 15-ին,  թույլատրելիության սահմաններում պարունակում է ավելի շատ տեղեկություն, առավելագույնս պարզեցված է և համապատասխանեցված կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Արմեն Քինակցյանը:

«Փորձել ենք մի փոքր ավելի շատ տեղեկություն տալ ԱԱԾ գործունեության վերաբերյալ, որովհետև ծառայության հիմնական ուղղությունների մասին, ինչպիսիք են հետախուզությունը և հակահետախուզությունը, տեղեկությունը սակավ է եղել: Տեսնում ենք, որ կայքի վերևի հատվածում այդ խորագրերը կան և սեղմելիս կբացվեն համապատասխան էջեր տեքստային նյութով, մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ գործունեության հիմնական ուղղություններին և բնութագրերին»,- ասաց Քինակցյանը:

Նա նշեց, որ կայքէջում ներկայացված է նաև սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությունը և հեղափոխությունից հետո ԱԱԾ-ի առանցքային ուղղություններից մեկը՝ տնտեսական անվտանգության ապահովումը:

Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետի խոսքով՝ ակտիվացված է նաև առցանց հարցման խորագիրը, ինչպես նաև նորամուծություններից մեկը  թեժ գծի համարն է՝ 1-91  կամ  010 56-35-15:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am