Մեխակ Ապրեսյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում տոն օրերին զգուշավորություն պահպանելու մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում

Armenpress 12:57, 15 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական օրերին Հայաստանում զգուշավորություն պահպանելու մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում քաղաքական ենթատեքստ չկա. դա պարզապես ստանդարտ գործընթաց է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Նման հաղորդագրությանը հաջորդել է ԱՄՆ դեսպանության պարզաբանումը, որ դա ստանդարտ գործընթաց է: Դա նշանակում է, որ այդ հայտարարությունը որևէ քաղաքական ենթատեքստ կամ այլ իմաստ չի պարունակում: Ողջ աշխարհը, խաղաղ ցույցերի օրերին Հայաստանում եղած զբոսաշրջիկները ևս իրենց աչքով տեսել են, որ այստեղ ամեն ինչ անվտանգ ու խաղաղ է: Անվտանգության խնդիրներ չկան: Եվ դրա մասին միայն մենք չէ, որ ասում ենք»,-ասաց Ապրեսյանն ու հավելեց, որ այդ հայտարարությունը պարզապես եղել է ցանկացած երկիր գնալիս զգուշավորության կոչ:

Նա նկատեց, որ հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում է ապացուցել է իր հյուրասիրությունը: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ հեղափոխություն անելիս էլ կարողանում է դա անել անվտանգ՝ հարգելով բոլորի իրավունքները: «Նույնիսկ զբոսաշրջիկները հաճույքով մասնակցել են երթերին և ոչ ոք դրանից չի տուժել: Դա խոսում է նաև իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի մասին: Թող բոլորը հանգիստ լինեն, Հայաստանը եղել է և կա որպես անվտանգ երկիր»,-նշեց Ապրեսյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում իր քաղաքացիներին տոնական օրերին զգոն լինեն Հայաստանում: Դրանում նշված էր, որ տոնական օրերին կարող են աճել հանցագործությունները՝ թալանը, կողոպուտը, գրպանահատությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am