«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթեր կարձակվի բացառապես հայերեն

Armenpress 19:40, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթեր կարձակվի բացառապես հայերեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Երեկ կառավարության որոշմամբ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ: Ու հիմնական քննադատությունն այն էր, որ ես ժամանակին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի կազմակերպիչներին քննադատել եմ այն ռուսերենով անցկացնելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը հանդիպել եմ Կարեն Քոչարյանի հետ, և նա հայտնել է, որ հաջորդ տարվանից հաղորդումը լինելու է բացառապես ՀԱՅԵՐԵՆ»,- գրել է նախարարը՝ հավելելով, որ հաղորդաշարը սիրված է, ինտելեկտուալ քիչ հաղորդումներից է եթերում, որը ստացված է, իսկ գիտելիքի տարածման խրախուսումը նախարարության քաղաքականության հիմնական նպատակներից է:

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 13-ի նիստում  որոշել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով հատկացնել անհրաժեշտ միջոցներ:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայաստանյան հեռուստանախագիծն իրականացվում է ռուսաստանյան «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնագրի ժամկետն ավարտվել է, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկել է նոր՝ 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ 17 մլն դրամը տրամադրել 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից` պայմանավորված ծրագրով նախատեսված միջոցների տնտեսումից, որն առաջացել է ընդունելությունը սահմանվածից պակաս կատարելու հետևանքով սովորողների միջին տարեկան թվաքանակի նվազմամբ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am