30 տարի անց «Սպիտակի երկրաշարժ» գիրքը ներկայացնում է մի շարք հարցերի պատասխաններ

Armenpress 15:36, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարարության,  ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) և Հայաստանի շինարարների միության աջակցությամբ լույս է տեսել  ՃՇՀԱՀ-ի  «Շինարարության մեխանիկայի»  ամբիոնի վարիչ դոկտոր պրոֆեսոր, «Սեսմակայուն շինարարության նախագծման նորմերի» հեղինակային խմբի ղեկավար Էդուարդ Խաչիյանի «Սպիտակի երկրաշարժը» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ  ՃՇՀԱՀ-ում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը: 

«Սպիտակի ավերիչ երկրաշարժի կորուստների և հետևանքների գիտական նկարագիրը  առաջին անգամ հրապարակվել է ամերիկյան մասնագիտացված  «Սեյսմիկ սպեկտոր» ամսագրում։ Այս հետազոտությունները հետաքրքիր են նաև նրանով, որ իրականացվել են  ամերիկյան մասնագիտական լայն խմբի կողմից, հիմք ընդունելով օպերատիվ տվյալները։ Ընդհանրապես աշխարհում, երբ որևէ  մի երկրում երկրաշարժ է տեղի ունենում, ցանկացած պետություն իր մասնագիտական խումբն է գործուղում հետազոտությունների համար։ Իմ նպատակն էր մեկտեղել նաև ամերիկյան այդ հետազոտությունները մեկ գրքում»,- ներկայացնելով գիրքը ասած հեղինակը։

Գրքի շնորհանդեսից առաջ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին  երկրաշարժի զոհերի հիշատակը։

 Շնորհանդեսին ներկա էին ոչ միայն երկրաբաններ, այլև շինարարական կազմակերպություների ղեկավարներ։ Տարբեր գրաֆիկներով և պատկերներով հագեցված այս գիրքը մեծ հատաքրքրություն առաջացրեց մասնագետների  շրջանակներում, ինչի արդյունքում ծավալվեց  հետաքրքիր քննարկում, հարց ու պատասխանի միջոցով։

«Սպիտակի երկրաշարժը» գիրքը առանձնահատուկ է նաև նրանով, որ նախատեսված չէ միմիայն  մասնագետների համար, այլև հետաքրքիր կարող է լինել ընթերցողների լայն շրջանակներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am