Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը

Armenpress 20:16, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրի Լանկայի Բժշկական Խորհուրդը բավարարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիպլոմի ճանաչման հայտը: Սա շուրջ 2 տարի տևած թիմային աշխատանքի արդյունք է, որի շնորհիվ ԵՊԲՀ տրամադրած ուսուցումը Շրի Լանկայի կառավարության կողմից համահավասարեցվում է իրենց տրամադրած բժշկական կրթությանը, և որով փաստվում է ԵՊԲՀ միջազգային որակի կրթության օպերատոր հանդիսանալը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, Շրի Լանկայում դեկտեմբերի 21-ին պաշտոնապես կհրապարակվի ԵՊԲՀ դիպլոմի ճանաչման մասին տեղեկատվությունը:

2018 թվականի սեպտեմբերի 12-ին Շրի Լանկայի բժշկական խորհուրդը ներկայացնող պատվիրակությունը ժամանել էր Հայաստան՝ ԵՊԲՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանական հիվանդանոցների ղեկավարների հետ քննարկելու կրթական և կլինիկական ոլորտներին վերաբերող տասնյակ հարցեր:

Ըստ հաղորդագրության՝ ներկայումս ԵՊԲՀ ուսանողներից յուրաքանչյուր չորրորդը արտասահմանցի է: ԵՊԲՀ ուսանողների աշխարհագրությունը ներառում է 36 երկիր, 18 ազգություն և 6 դավանանք: ԵՊԲՀ-ն որդեգրել է միջազգայնացման քաղաքականություն և նպատակ է դրել ընդլայնելու իր ուսանողների աշխարհագրությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am