Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ

Armenpress 19:54, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման գործում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մամուկա Բախտաձեին շնորհավորանքի համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները կշարունակեն արդյունավետ փոխգործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների զարգացման և ժողովուրդների բարեկեցության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am