Վերաքննիչ դատարանը վճռել է վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ կիրառված կալանքը

Armenpress 12:17, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերաքննիչ քրեական դատարանը վճռել է  բեկանել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ առաջին ատյանի որոշումը և վերացնել նրա նկատմամբ կիրառված կալանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

Պաշտպանը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն  դրական է գնահատել այն:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:

Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am