Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի ավելի քան 13,7 մլն դրամ

Armenpress 21:34, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից կտրամադրի 13 մլն 762.6 հազար դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, 2018 թվականին ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Նրանցից 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի վճարումները կատարվում են հետևյալ կերպ՝ ուսման վարձի 50%-ը վճարվում է ուսանողի կողմից, 50%-ը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին, 47 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50%-ը վճարվում է ուսանողի կողմից, իսկ 50%-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 13 մլն 762.6 հազար դրամ:

Սփյուռքի նախարարությունը գտնում է, որ ուսման վարձի լուծումը պետք է շարունակել, քանի որ խնդիրը մնում է սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am