Սկրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերումն ավելացել է

Armenpress 15:30, 12 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում  գործում է 1992-ից: Իրականացնում է բարեսիրական ծրագրեր ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Կազմակերպության կլինիկաները տեղակայված են Երևանում, Գյումրիում, Գորիսում, Վանաձորում և Ստեփանակերտում: Ծառայություններից օգտվում է տարեկան 60 հազար երեխա:

Ներկայացնելով կազմակերպության առաքելությունը` Իրինա Լազարյանը նշել է, որ Գյումրիում նոր շենք կառուցելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ բուժման կարիք ունեցողները շատացել են: Իսկ դրա հիմնական պատճառը մարզային դպրոցներում կազմակերպված ատամնաբուժական և ակնաբուժական սքրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերման ավելացումն է: Բուժման կարիք ունեցող երեխաների թիվն աճել է մոտ 1000-ով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես` երեխաներին մատուցվող ատամնաբուժական և ակնաբուժական ծառայությունների հասանելիության, ավելի վաղ տարիքում խնդիրների հայտնաբերման, շարժական ծառայություններ մատուցելու հնարավորության վերաբերյալ:

Արսեն Թորոսյանը բարձր գնահատելով կազմակերպության բարեգործական ծրագրերը` համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am