Արտախորհրդարանից դեպի խորհրդարան նրբանցքներ հարթելու պահը. Շահան Գանտահարյանի հոդվածը

Armenpress 20:47, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդի կամարտահայտության երկրորդ կարեւոր հանգրվանը արդեն կայացել է: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեն վիճարկվում մասնակից որեւէ քաղաքական ուժի կողմից. առընթեր` թե՛ ընտրությունները մշտադիտարկողները, թե՛ միջազգային լրատվադաշտի ներկայացուցիչները եւ թե՛ գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաները դրական գնահատականներ են հնչեցնում ընտրությունների անցկացման եղանակի մասին` ժողովրդավարական օրինաչափությունների հարգման ընդհանուր շրջանակներում:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում միջազգային կանոններով կազմակերպված բանավեճերը, ընտրական համակողմանի գործընթացների լուսաբանման հավասար հնարավորությունների ընձեռումը, բայց մանավանդ ընտրության ազատ, անկաշկանդ եւ թափանցիկ կայացումը ժողովրդավարացման ճանապարհին նշաձողի նոր աստիճանաչափ նվաճեցին մեր պետության համար:

Ձեւավորվել է խորհրդարանական համակարգի առաջին խորհրդարանը, որի թվաբանական պատկերը ինքնին ենթադրում է, որ քաղաքագիտական առումով կա գլխավոր ուժ, որը կոալիցիա կազմելու որեւէ անհրաժեշտության առաջ կանգնած չէ՝ ապահովելով կայուն մեծամասնություն:

Գործող Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված ընդլայնված լիազորությունները, այս դեպքում ընդդիմությանը վերապահված պաշտոններ եւ գործառույթներ ապահովելով հանդերձ, ըստ էության, հակակշիռ-զսպիչ դեր կատարելու հնարավորություն չեն ստեղծում: Պարզ է տրամաբանությունը. երկրորդ ուժի ղեկավարը արդեն հայտարարել է, որ գործող մեծամասնությունը ներկայացնող վարչապետի հետ համագործակցելու հակված է, մինչ «Լուսավոր Հայաստանը», ըստ էության, ծրագրային հակասություններ չունի գործող մեծամասնական դաշինքի հրապարակած առաջադրանքների հետ:

Ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման նախադրյալները, գեթ այս պահի դրությամբ, շատ տեսանելի չեն: Խորհրդարանը գաղափարաբանական գետնի վրա հատկանշվում է միաձույլ լիբերալիզմով։

Տվյալները բացակայում են, այսուհանդերձ, կա ընդհանուր համապատկերի տպավորություն, որ ԱԺ պատգմավորների գերակշիռ մասը քաղաքացիական ակտիվիստի կարգավիճակից կտրուկ անցում է կատարում դեպի օրենսդիր դաշտ, դեպի պետական-խորհրդարանական միջավայր: Պատգամավորների երիտասարդ նկատելի թիվը, որն իր հանրային կենսափորձը շահել է քաղաքացիական շարժումների ծավալած գործունեությամբ, նվազ թվերով, սակայն առավել քաղաքական փորձառությամբ, եւ մյուս կողմից` շատ թվերով, սակայն, նվազ քաղաքական, բայց առավել քաղաքացիական գործունեության փորձառությամբ պատգամավորների համատեղումով ձեւավորված խորհրդարանը փաստ է։

Այս իրողությունները հուշում են գաղափարաքաղաքական բնույթի քննարկումների արտախորհրդարանական միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը. այլ խոսքով, արտախորհրդարանական ինստիտուցիոնալ ընդդիմության  կազմությունը, որը զուգահեռ խորհրդարանին, պիտի ապահովի հանրային քննարկումների հնչեղություն` անվտանգության խնդիրների, տնտեսական հարցերի, Արցախյան հակամարտության, սոցիալական, կրթական, մշակութային, հայրենիք-սփյուռք ոլորտներին եւ, իհարկե, ընդհանրապես արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին: Բնականաբար, այս բոլոր խնդիրները կենթարկվեն խորհրդարանական քննարկումների, կունենան օրինագծի տեսք, կվերածվեն օրենքի:

Միաբեւեռ էությամբ խորհրդարանը, սակայն, թե՛ հակակշիռ-զսպիչ համարժեք գործոնի բացակայության եւ, մանավանդ, բազմակարծության բացը լրացնելու առաջադրանքով արտախորհրդարանից  դեպի խորհրդարան մտքերի եւ գաղափարների նրբանցքներ հարթելու անհրաժեշտության առաջ է: Որքան բազմանան խորհրդարանական-արտախորհրդարանական ուժերի համատեղ լսումներն ու քննարկումները, այնքան կշահի այսօրվա միաբեւեռ խորհրդարանը:

Իսկ արտաքին մարտահրավերների դիմակայման համար կամ ընդհանրապես արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների իրացման ընթացքում միակուսակցական կառավարությունը արհեստավարժ մարդուժ գործի լծելու առընթեր էապես հրամայական անհրաժեշտություն պիտի զգա այսօր խորհրդարանի մաս չկազմող, սակայն, ըստ էության, համահայկական տարողություն եւ ցանցային կառույց ունեցող կազմակերպությունների հետ նպատակաուղղված համագործակցության: Հատկապես, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ռազմական տեխնիկա վաճառելու արգելքների սահմանման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, ԵՄ-ի հետ ինտեգրացիոն ծրագրերի վավերացման եւ նման գերակա կարեւորագույն ուղղությունների իրականացման համար:

Գործադիրից հետո արդեն իսկ օրենսդիրում մեծամասնություն կազմող միակուսակցական-միադաշինք դրությունը պետականաշինության եւ թռիչքաձեւ զարգացումներ ապահովելու համար ներառական մեխանիզմներ առաջացնելու անհրաժեշտության առաջ է կանգնել:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am