Գյումրու քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություներ է կատարում

Armenpress 18:28, 11 Դեկտեմբեր, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու քաղաքապետարանում միավորվելու են բաժիններ, կլինեն հաստիքային կրճատումներ: Գյումրու ավագանու դեկտեմբերի 11-ին կայացած հերթական նիստի ժամանակ ավագանին կողմ քվեարկեց համայնքապետարանի աշխատակազմի կառույցվածքային փոփոխություններին: Դրանց համաձայն՝ մինչ այժմ գործող Բնակարանային տնտեսության և համատիրությունների համակարգման և Շինարարության և հողի վերահսկողության բաժինները միավորվում են՝ դառնալով Համայնքի անշարժ գույքի կառավարման բաժին: Միավորվում են նաև Առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման և Գովազդի բաժինները՝ դառնալով Գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժին: Քաղաքապետրանում ոչ միայն այս բաժիններն են միավորվում, այլ նաև կլինի հաստիքային 6 կրճատում՝ 4 համայնքային ծառայողի, 2 տեխնիկական աշխատակցի, բայց եթե տեխնիկական աշխատակցի մասով դա կլինի պարզապես հաստիքային տեղափոխություն ու անվանացանքի փոփոխություն, ապա համայնքային 4 աշխատակից կզրկվեն աշխատանքից: Նրանք դեռ աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում չեն ստացել: «Բաժինների միավորումն ու կրճատումն արվում է բյուջեի միջոցներն առավելագույնս արդյունավետ կառավարելու նպատակով»,- ավագանուն ներկայացնելով հարցը՝ նշեց Գյումրու քաղաքապետարանի Անձնակազմի կառավարման բաժնի պետ Սյուզաննա Վարդևանյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Գյումրու 5-րդ գումարման ավագանին նստաշրջանի փակմանը, բացի այս հարցից, քննարկեց և որոշում կայացրեց ևս 26 հարցի շուրջ, այդ թվում՝ դրամական միջոցներ, նվիրատվություն հատկացնելու, ավագանու նախկին որոշումների փոփոխության, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և մեկնարկային գներ սահմաննելու և այլ հարցերի վերաբերյալ:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am