Էդմոն Մարուքյանն ընտրությունների ընթացքը գնահատում է հանգիստ

Armenpress 20:00, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքը հանգիստ է գնահատում: «Մտահոգիչ որոշ տեղեկություններ ստացել ենք և հայտնել ոստիկանությանը, իսկ ընթացքը գնահատում եմ հանգիստ: Նախորդ ընտրությունների հետ այսօրվա քվեարկության ընթացքը համեմատելու բան չէ, այն ժամանակ զանգվածաբար փող է բաժանվել, ուստի սխալ է համեմատելը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը սխալ է համարում նաև 2017-ի ընտրությունների հետ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի համեմատումը: «Այն ժամանակ մարդկանց որոշ խմբերի փողով շահագրգռել են, ստիպողաբար տարել ընտրատեղամասեր: Դրա հաշվի էլ հնարավոր է նախորդ ընտրությունների մասնակիցների թվի համեմատ այսօրվա մասնակիցների թիվը նվազ լինի»,- նկատեց Մարուքյանը:

Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 մլն 592 հազար 479 ընտրողներից 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը: 2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր  50,93 տոկոսը, կամ 1 միլիոն 317 հազար 936 ընտրող:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am