Արթուր Բաղդասարյանը քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման

Armenpress 11:02, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի շենքում տեղակայված 9/50  ընտրական տեղամասում առավոտյան իր քաղաքացիական պարտքը կատարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի զարգացման, նորարական ծրագրերի, նոր աշխատատեղերի ստեղծման:

«Ընդհանուր առամբ քվեարկությունն ընթանում է նորմալ, առանց խախտումների, ժողովրդին մաղթում ենք արդար քվեարկություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Բաղդասարյանը:

Դեկտեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2010 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am