Տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը

Armenpress 17:37, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Վրաստան սահմանի անցակետում տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից,  ներկա էին Հայաստանի և Վրաստանի կողմից պատվիրատուի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհների դեպարտամենտի աշխատակիցները, կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինարարական աշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության, ինչպես նաև՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կամրջի նախագծման աշխատանքների իրականացման նպատակով շինհրապարակի կազմակերպման հարցին, քննարկվել և համաձայնեցվել է նախագծային մոտեցումների կոնցեպտը:

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծային աշխատանքների նախատեսվող տևողությունը յոթ ամիս է: Շինարարական աշխատանքները կսկսվեն նախագծման աշխատանքների և համապատասխան հաստատումների ստացումից հետո և կտևեն մեկ տարի:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am