Սպիտակի ավերիչ երկրաշարժը համախմբեց մարդկությանը աշխարհի տարբեր ծայրերից. Նիկոլայ Գրեչուշկին

Armenpress 12:54, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժը ողբերգություն էր, որը դարձավ յուրաքանչյուրինը և համախմբեց մարդկությանը տարբեր ծայրերից՝  «Քեզ Հայաստան» կարգախոսի ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գյումրիում դեկտեմբերի 7-ին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը:

Նրա խոսքով՝ Գյումրի պետք է այցելեր նաև ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, ով, սակայն,  չկարողացավ ներկա գտնվել  առողջական խնդիրների պատճառով: «Այսօր լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը:Դժվար է բառերով արտահայտել կորստի ցավն ու տառապանքը: Երկրաշարժ, որը խլեց հարյուր հազարավոր կյանքեր, հաշված րոպեների ընթացքում գետնին հավասարվեցին հայկական գյուղեր և քաղաքներ, հարյուր հազարավոր մարդիկ էլ մնացին առանց տանիքի»,-ասաց նա:

Գրեչուշկինի խոսքով՝ պաշտոնական տվյալների համաձայն, Սպիտակում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը վնասվածքներ է ստացել: «Ավերիչ երկրաշարժը շարքից հանեց արտադրական ձեռնարկությունները, ավերեց ճանապարհները, կրթական հաստատությունները, հիվանդանոցները, և այլն»,-նշեց նա:

Գրեչուշկի խոսքով՝ Հայաստանի ողբերգությունը 1988 թվականին դարձել էր համամարդկային ցավ: «Երկրաշարժի առաջին իսկ օրվանից հայերը զգացին մարդկային հոգու ջերմությունը: Հայաստան այդ օրերին ժամանեցին փրկարարներ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլն: Երևանի օդանավակայանում վայրէջք էին կատարում օդանավեր բեռնված առաջին օգնության պարագաներով, հագուստով, սնունդով»,-ասաց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի  տեղակալը, հավելելով, որ Հայաստանին այդ օրերին հումանիտար օգնություն ցուցաբերեց ավելի քան 111 պետություն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am