Զոհրաբ Մնացականյանը և Չեռնոգորիայի ԱԳ նախարարը ներկայացրել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Armenpress 11:31, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին Միլանում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Չեռնոգորիայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Սրդջան Դարմանովիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձան տարբեր ոլորտներում հաստատված երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին՝ որպես առաջնային ուղղություններ ընդգծելով զբոսաշրջության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ամրապնդման համատեքստում զրուցակիցները կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացումը:

Զոհրաբ Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ վերահաստատելով ազատ, արդար և ժողովրդի կամքն արտահայտող խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կառավարության հանձնառությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Սրդջան Դարմանովիչը մտքեր փոխանակեցին բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարների շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին և առաջնահերթություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am