Տիգրան Ավինյանը մասնակցել է Ճապոնիայի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը

Armenpress 12:48, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Ճապոնիայի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տիգրան Ավինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հայտելով, որ ՀՀ-ում Ճապոնիայի  դեսպան Ջուն Յամադան բոլորին զարմացրել է երկու երկրների ազգային օրհներգների հիանալի կատարմամբ:

Տիգրան Ավինյանը միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել, որում նշել է. 

«Սրտանց շնորհավորում եմ Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի և Ճապոնիայի միջև ավելի քան քառորդդարյա դիվանագիտական հարաբերությունների արդյունքում մեր երկրների միջև ձևավորվել են սերտ կապեր և արդյունավետ համագործակցություն։

Այս տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում բազմաթիվ հաջողություններ են գրանցվել, ձևավորվել է փոխվստահության մթնոլորտ, կարևոր հիմնաքարեր են դրվել համագործակցության հետագա վերընթաց զարգացման համար։ Երկու մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումը մեծ խթան հանդիսացավ հարաբերությունների առավել ակտիվացման համար։

2018թ․ երկկողմ օրակարգը հագեցած էր մի շարք կարևոր իրադարձություններով։ Փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև ստորագրվեց ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, որն առաջինն է տարածաշրջանում։ Նույն ամսում տեղի ունեցավ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալի այցը Հայաստան, իսկ Մյունխենի անվտանգության գագաթաժողովի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների ԱԳ նախարարները։

Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերություններում կարևոր իրադարձություն էր նախարար Տարո Կոնոյի այցը Հայաստան, որը Ճապոնիայի ԱԳ նախարարի՝ երբևէ Հայաստան կատարած առաջին այցն էր։ Այս ամենը վառ վկայությունն է այն փաստի, որ հայ-ճապոնական հարաբերությունները թևակոխում են որակապես նոր փուլ և միտված են ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, գիտակրթական ու մշակութային կապերի սերտացմանը, համատեղ ծրագրերի իրագործմանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ցանկանում եմ կրկին շնորհավորել Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ և առաջարկում եմ բաժակ բարձրացնել՝ մաղթելով Կայսերական Մեծությանը քաջառողջություն, Ճապոնիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև մեր երկու բարեկամական երկրների կապերի հետագա խորացում և ամրապնդում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am