«Հուզիչ է ու հոյակապ». նախագահ Սարգսյանի գրառումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Դեբեդի ՍՄԱՐԹ-կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը, որտեղ այսօր այցելել են նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը։
ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություից, նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն և այլ առարկաներ: Նախագահը զրուցել է երեխաների հետ, դիտել նրանց աշխատանքները։
Հիացմունք հայտնելով կենտրոնի պայմանների և ընձեռած հնարավորությունների վերաբերյալ՝ նախագահը նշել է, որ շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ: «Այստեղ հաճախող երեխաները պետք է զգան, որ իրենք ևս 21-րդ դարի քաղաքացի են, և այստեղ՝ քաղաքից հեռու, գյուղում էլ կարող են կայանալ ու արդյունք ստեղծել»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
«Սա ավելի մարդկային վայր է, և այստեղ երեխաները կարող են կայանալ որպես մարդ, որպես քաղաքացի»,-նշել է նախագահ Սարգսյանը:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է նաև սմարթ սենյակում, որտեղ երեխաները ցուցադրել են իրենց պատրաստած ռոբոտի հնարավորությունները: Նախագահը նշել է, որ այն, ինչով նրանք զբաղվում են, նրանց ապագայի գործիքն է: Նա հաջողություն է մաղթել երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանց ստեղծած ռոբոտները հետագայում ավելի կատարյալ կլինեն ու լայն կիրառություն կունենան:
Արմեն Սարգսյանը, պատասխանելով կենտրոնի երեխաների հարցերին, նշել է. «Ձեր ապագան ձեր ձեռքերում է: Ձեր ձեռքերում է նաև երկրի ապագան»:
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահին և տիկին Նունե Սարգսյանին կենտրոնի նկարչական խմբակի երեխաներն իրենց նկարած աշխատանքներն են նվիրել։ Արմեն Սարգսյանը գրառում է կատարել կենտրոնի այցելությունների նորաբաց գրքում. նրա գրառումն առաջինն էր: «Հուզիչ ու հոյակապ է»,- գրել է նախագահը: