Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին

Armenpress 16:03, 4 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցակա ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություից, ուղերձում, մասավորապես, ասված է. 

«Խորապես ցնցված եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման եւ զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու ծանր լուրից:

Վստահ եմ, որ օդային աղետի պատճառների բացահայտումը թույլ կտա հետագայում բացառել նման ողբերգության կրկնությունը, իսկ կատարվածը որեւէ կերպ չի անդրադառնա զինված ուժերի անձնակազմի մարտական ոգու վրա:

Ծանր կորստյան այս պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ընտանիքներին, կիսում նրանց անփարատելի վիշտը եւ մաղթում եմ ոգու արիություն»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am