Նոր մշակույթը կօգնի ապահովել արտադրանքի նոր որակ և նոր ստանդարտներ. նախագահն այցելել է Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերություն

Armenpress 14:58, 4 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով այցելել է Լոռու մարզ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություից, նրա առաջին կանգառը եղել է բազմաճյուղ տնտեսություն վարող Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունում։Դեռևս սեպտեմբերին Երևանում անցկացված «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսին նախագահ Սարգսյանի ուշադրությունը գրավել էր«Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության ինքնատիպ տաղավարն ու արտադրանքը։«Ագրոհոլդինգ Արմենիա»-ն զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ և կաթնամթերքի արտադրությամբ։ «Ագրոհոլդինգ Արմենիա» -ի ղեկավարները նշել են, որ տնտեսությունում բուծում են միայն կենդանիների մաքրացեղ տեսակներ։Հանրապետության նախագահը ծանոթացել է ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, համտեսել արտադրանքը, զրուցել աշխատակիցների հետ։ Ներկայումս «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի արտադրանքը սպառվում է հիմնականում Հայաստանում. աշխատանքներ են տարվում նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:Նախագահ Սարգսյանը կարևորել է այս ոլորտում փորձ ունեցող միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, կօգնի անասնաբուծության և գյուղմթերքների արտադրության ոլորտում ներդնել նոր մշակույթ՝ ապահովելով արտադրանքի նոր որակ ու նոր ստանդարտներ, ինչը խթան կլինի նաև արտադրության ընդլայնման համար։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am