Մակրոնը փարիզյան ցույցերի պատճառով կարող է չեղարկել այցը Սերբիա

Armenpress 21:11, 3 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով կարող է չեղարկել այցը Սերբիա, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 5-6-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Tanjug գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Մակրոնը սերբ գործընկերոջ՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ֆրանիսայում ներքաղաքական ճգնաժամի պատճառով կչեղարկի այցը Սերբիա:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ են սկսվել նոյեմբերի 17-ից: Ակցիաներին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ:

Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն սակագինը չեն փոխելու:

Երկրում հունվարի 1-ից բենզինի գինը մեկ լիտրի դիմաց ավելանալու է 2.9, իսկ դիզելինը՝ 6.5 եվրոցենտով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am