Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Armenpress 14:54, 3 Դեկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանուն եւ Գեղարքունիքի մարզպետին հրաժարականի դիմում է ներկայացրել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Զարոյանը, ողջ աշխատակազմի, Վարդենիս համայնքի բնակչության համար կատարյալ անակնկալ է եղել Արամ Հարությունյանի հրաժարականը, որը հայտնի է դարձել միայն այսօր առավոտյան:«Հրաժարականի մասին իմացել ենք միայն այսօր առավոտյան, աշխատանքի գալուց հետո: Դիմումները ներկայացված են ավագանու եւ Գեղարքունիքի մարզպետի անուններով, որոնցում որպես հրաժարականի հիմնական պատճառ նշված է ընտանեկան դրությունը: Վաղը հրավիրված ավագանու նիստում քննության կառնվի համայնքի ղեկավարի դիմումը: Ամեն դեպքում, մեզ այդ հրաժարականի մասին որեւէ լուրջ պատճառ հայտնի չէ: Եթե Արամ Հարությունյանը ետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա մեզ մնում է սպասել ՀՀ կառավարության որոշմանը եւ շարժվել օրենքով սահմանված կարգով»,-ներկայացրեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում եւ պաշտոնավարել 1 տարի: Հիշեցնենք, որ Վարդենիս համայնքի վարչական կազմում են ընդգրկված Վարդենիս քաղաքը, Այրք, Վերին Շորժա եւ Ներքին Շորժա գյուղերը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am