Ատոմային էներգետիկայի ոլորտը գտնվում է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների խիստ վերահսկողության ներքո. ՌԴ դեսպան

Armenpress 20:45, 27 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների բաղկացուցիչ մասն է, և ներկայումս հարց է բարձրացվում ստեղծելու աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է այս ոլորտում  համագործակցության հեռանկարները Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ավարտից հետո: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

««Ռոսատոմ »-ում կան շատ հետաքրքիր և հեռանկարային նախագծեր այս մասով, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանին և որոնք կհամապատասխանեն երկրում էլեկտրաէներգիայի օգտագործման յուրահատկություններին»,- ասաց Կոպիրկինը:

ՌԴ դեսպանը նշեց, որ այս ոլորտում համագործակցությունը գտնվում է երկու երկրների ղեկավարների շատ խիստ վերահսկողության ներքո:

Խոսելով ՀԱԷԿ-ի մասին, ՌԴ դեսպանն ընդգծեց, որ այն ունի անգնահատելի ներդրում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ` ապահովելով արդյունաբերական օբյեկտների  աշխատանքը և  այն մեծ դեր է կատարում, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինը  մարդկանց համար լինի ընդունելի:

«Այսօր իրականացվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման երկարաձգման  նախագիծը մինչև 2026 թվական: Ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում հետագա երկարաձգման հարցը նորից օրակարգային դառնա, բայց դա պահանջում է ատոմային էլեկտրակայանի շատ լուրջ և  մանրամասն փորձաքննություն`անվտանգության ապահովման  առակայի մասով», -նշեց Կոպիրկինը:

ՌԴ դեսպանի կարծիքով` ատոմային էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցությունը բավականին հեռանկարային է հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներում:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am