Արցախի պետնախարարը բնապահպանական հարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Armenpress 16:30, 27 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 27-ին բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը կարևորել է նախարարության դերը շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության իրականացման գործում՝ նշելով, որ տնտեսության զարգացմանը զուգահեռ մեծանում է բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների և ռիսկերի գնահատման ու կառավարման անհրաժեշտությունը: Նա մասնավորապես թվարկել է հիդրոէներգետիկայի, անտառտնտեսության, հանքագործական և վերամշակող արդյունաբերության ուղղությունները՝ ընդգծելով դրանցում գերատեսչության կողմից վերահսկողական և այլ գործառույթների իրականացման արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:

Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես են եկել նախարար Ֆելիքս Գաբրիելյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիպմանը քննարկվել են նախարարության տարեկան գործունեության ծրագրերում ընդգրված ջրային ռեսուրսների կառավարման, երկրաբանական նոր ուսումնասիրությունների և դրանց արդյունքների, կենդանական աշխարհի պահպանության և մի շարք այլ անելիքներ: Անդրադարձ է կատարվել նաև բյուջետային հարցերին:

Գ. Մարտիրոսյանը նշել է, որ բացի տարեկան ծրագրերից անհրաժեշտ է ներդնել նաև միջնաժամկետ և երկարաժամկետ գործունեության ծրագրեր, որոնք ավելի տեսանելի ու կանխատեսելի կդարձնեն ոլորտի զարգացումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am