Աճեմյանցիները  թատերասերների դատին հանձնեցին «Ոչինչ չի մնա»  հոգեբանական դրաման

Armenpress 13:05, 25 Նոյեմբեր, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 25  ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը  նոյեմբերի 24-ին հանդիսատեսի դատին ներկայացրեց  Ջոն Օսբորնի «Ոչինչ չի մնա»  հեգաբանական դրաման` Հրաչ Քեշիշյանի  բեմադրությամբ: Հրաչ Քեշիշյանի համար սա մեծ բեմում արված առաջին բեմադրությունն է:

«Ոչինչ չի մնա»  կինոպիեսի բեմադրությունը մուլտիմեդիա ներկայացում է, որտեղ որոշակի տեսարաններ նախօրոք նկարահանված են, և վերարտադրվում են հերոսների հիշողությունների փոխարեն։ Մուլտիմեդիա հնարքներով՝ հերոսների մտքերը լուսագրվում են և ապա ինտերակտիվ կառավարվում տարածության մեջ։ Տարբեր տեսարաններում և անցումներում օգտագործվում են հատուկ գրաֆիկական լուծումներ։ Բեմադրության նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանին է, իսկ երաժշտության հեղինակն է Հայկոն:

«Շատ  ուրախ եմ, որ հենց այս նախագծի  վրա  ենք  աշխատել Հրաչ  Քեշիշյանի հետ: «Ոչինչ չի մնա»-ն  մեր լավագույն ֆիլմերից է  եղել,  իսկ այսօր արդեն բեմադրության տեսքով է:  Երաժշտական մոտիվը մնացել է նույնը, բայց ամբողջովին նոր գործիքավորումներ  են   արվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայկոն:

Հոգեբանական դրամայի մեջ զբաղված են երիտասարդ դերասաններ Արսեն Միքայելյանը, Մանե Մխոյանը, Ջեմմա Ադամյանը և Ներսես Ավետիսյանը:

Նորարարությունն  ու դերասանական խաղը դիտելու էին եկել նաև  հյուրեր  Երևանից, նրանց թվում՝ ՀՀ  մշակույթի նախարարի պաշտանակատար  Լիլիթ Մակունցը, Երևանի  փոխքաղաքապետ  Տիգրան Վիրաբյանը   ու  գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Վստահություն եմ հայտնում, որ այս ներկայացումն ունենալու է շատ մեծ հանդիսատես:  Հետաքրքիր ներկայացում է  ու նոր թարմ շունչ հայկական թատրոնում: Դերասանական խաղը,  դեկորները, ամեն ինչը շատ լավն է»,- իր տպավորությունները փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար  Լիլիթ  Մակունցը:

Այն, որ  ներկայացումը ոչ միայն ստացված էր, այլ նաև  կունենա երկար  ընթացք,  վկայում է  ներկայացման ավարտին հանդիսատեսի հոտնկայս երկար ծափերն  ու ջերմ ընդունելությունը։

 

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am