GALLUP-ի հարցումների համաձայն` ՀՀ ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է

Armenpress 13:16, 23 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International association»-ի իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիների համար ՀՀ-ի առջև ծառացած  ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի  Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին հարցրել ենք, թե որոնք են ներկա պահին մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: 45.2%-ը պատասխանել է՝ գործազրկությունը, 29.6%-ը կարծում է, որ տնտեսական վիճակը, 23.9%-ը` ցածր թոշակներն ու ցածր աշխատավարձերը»,- նշեց Նավասարդյանը:

Հարցման մասնակիցների տված պատասխաններով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու արտաքին քաղաքականության խնդիրները ավելի քիչ տոկոսներ են ստացել:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարևորության տեսանկյունից ստացել է 23.4%, իսկ արտաքին քաղաքականության խնդիրները` 8%»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցման արդյունքներով կարևորության ցածր ցուցանիշ են արձանագրել նաև առողջապահական համակարգի վատ վիճակը, արտագաղթը, կրթական համակարգի վատ վիճակը, գնաճը, բարձր կոմունալ վճարներն ու բարձր հարկերը:

Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am