#ԿինոՇաբթի. «Ռալֆն ընդդեմ համացանցի» և ևս 3 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում

Armenpress 21:00, 22 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Նոյեմբերի 22-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 4 նոր ֆիլմեր:

«Այրիները»

Ֆիլմը պատմում է անհաջող ավազակության արդյունքում զոհված գողերի կանանց մասին։ Այրիները որոշում են ավարտին հասցնել իրենց ամուսինների սկսած գործը և հաշվեհարդար տեսնել ոստիկանության ու նրանց մրցակիցների հետ: Եվ որ ամենակարևորն է՝ բացահայտել, թե ով է պատասխանատու իրենց ամուսինների մահվան համար...

Ռեժիսոր՝ Սթիվ Մակքուին, դերերում՝ Վիոլա Դեվիս, Լիամ Նիսոն, Ջոն Բերնթալ և այլք:

«Երեկոյան դպրոց»

Մի խումբ անկարգապահներ ստիպված հաճախում են երեկոյան դպրոց այն հույսով, որ կկարողանան հանձնել քննությունները և ավարտել միջնակարգ դպրոցը: Գլխավոր հերոսը՝ Տեդդին, հասել է որոշակի հաջողության, բայց չունի կրթություն, իսկ ընկերուհին լքել է նրան: Երեկոյան դպրոցը նրա վերջին հնարավորությունն է՝ ամեն ինչ նորից սկսելու ու ավարտական վկայական ստանալու համար:

Ռեժիսոր՝ Մալկոլմ Դ. Լի, դերերում՝ Տիֆանի Հեդիշ, Քևին Հարթ, Քիթ Դևիդ և այլք:

«Ափգրեյդ»

Ոչ հեռավոր ապագայում տեխնոլոգիաները կառավարում են մարդկային կյանքի բոլոր գործընթացները: Տեխնոֆոբ Գրեյը կորցնում է կնոջն ավազակախմբի հարձակման պատճառով և հայտնվում է կաթվածահար վիճակում: Վրեժ լուծելու միակ ելքը նորագույն սարքավորումն է: Փորձարարական տեխնոլոգիան ոչ միայն ոտքի է կանգնեցնում Գրեյին, այլև օժտում է նրան գերժամանակակից կիբեր ուղեղով և գերմարդկային կարողություններով:

Ռեժիսոր՝ Լի Ուոննել, դերերում՝ Լոգան Մարշալ-Գրին, Սթիվ Դանիելսեն, Էբի Կրադեն և այլք:

«Ռալֆն ընդդեմ համացանցի»

Մուլտֆիլմի գործողությունները սկսվում են առաջին ֆիլմի իրադարձություններից վեց տարի անց:  Այս անգամ Ռալֆը և Վանիլոպան ցանկանում են գրավել անծայրածիր համացանցը: Կհաջողվի արդյոք դա նրանց: Չի բացառվում, որ համացանցը չդիմանա նրանց հմայքին...

Ռեժիսոր՝ Ֆիլ Ջոնսթոն, Ռիչ Մուր, դերերում՝ Քրիստեն Բել, Գալ Գադոտ, Մենդի Մուր և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am