Վարսեր համայնքում առաջնահերթ են մանկապարտեզի կառուցման եւ վարելահողերի մշակության խնդիրները

Armenpress 21:50, 21 Նոյեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարսերի համայնքապետարանում հրավիրված հանդիպման ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ծանոթացավ համայնքում կատարված աշխատանքներին եւ հիմնախնդիրներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցեցին համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանը, աշխատակազմի եւ ավագանու անդամներ, մանկավարժներ ու համայնքի բնակիչներ:

Ինչպես ներկայացրեց համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանը, տարվա ընթացքում համայնքում նկատելի աշխատանք կատարվել է կենսագործունեության տարբեր ոլորտներում, սակայն դեռեւս շատ հարցեր խոչընդոտում են համայնքի բնականոն առաջընթացը:«Վարսերի մանկապարտեզի շենքը քայքայված վիճակում է ու հիմնանորոգման խիստ կարիք ունի, որի համար տեղական բյուջեում բավարար միջոցներ չկան: Չունենք կոմբայն, վարուցանք, հունձ ու հավաք կատարող տեխնիկա:

Խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումը եւս լուրջ խնդիր է մեզ համար: Թերեւս, այդ է պատճառը, որ մեր ունեցած 1440 հեկտար վարելահողերի շատ չնչին մասն ենք կարողանում մշակել: Դպրոցը չունի նորոգված մարզադահլիճ ու խաղահրապարակ, ինչի պատճառով ֆիզկուլտուրայի դասերը անցկացվում են անբարվոք պայմաններում: Արոտների ջրարբիացման ծրագրի իրականացմանն ենք սպասում, որն այդպես էլ այս տարի չիրականացվեց շինարարության մրցույթի ձգձգման պատճառով:

Հուսանք, որ եկող տարի այդ խնդիրը կկարգավորվի: Բայց համայնքի համար հիմա ամենածանր խնդիրը Սեւան-Քաղսի կոյուղու կոլեկտորի անսարք ու անկանոն վիճակն է, ինչի հետեւանքով կեղտաջրերն ապականում են տնտեսությունների հողատարածքները, հակասանիտարական վիճակ ստեղծում բնակչության համար»,-ներկայացրեց Հուսիկ Սեդրակյանը: Անդրադառնալով բարձրացված խնդիրներին՝ մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ դրանք արձանագրվում են մարզպետարանի կողմից եւ պատկան մարմինների հետ համագործակցությամբ քայլ առ քայլ կստանան իրենց լուծումները:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am