Կոռուպցիոն գործարքների չբացահայտման հայտարարություններն անհիմն են. Լենա Նազարյանը Հայկ Բաբուխանյանին ներկայացրեց յուրացումների փաստաթղթերի փաթեթը

Armenpress 16:54, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը անհիմն է  որակում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դիտարկումը, թե իբր կառավարությունը չի բացահայտում կոռուպցիոն գործարքները, բյուջեն չի համալրում գողացված գումարներով: Որպես ապացույց՝ Նազարյանը խորհրդարանում Բաբուխանյանին հանձնեց յուրացումների և չարաշահումների փաստաթղթերի փաթեթը:

«Ուզում եմ անդրադառնալ Հայկ Բաբուխանյանի հայտարարությանը, թե կառավարությունը չի բացահայտում կոռուպցիոն գործարքները, բյուջեն չի համալրվում նախկին իշխանության կողմից գողացված գումարներով: Ես ուզում եմ ներկայացնել ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի, ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության կողմից բացահայտված վերջին ամիսների նյութերը: 170 հայտարարություն են տարածել այս մարմինները, որոնք հստակ բացահայտում են չարաշահումների, յուրացումների մասին տեղեկությունները: Այս գումարները, որոնք քննությամբ կպարզվեն, թե ինչպես են հայտնվել տարբեր պաշտոնյաների գրպաններում, կվերադարձվեն պետական բյուջե»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց Նազարյանը:

Նա նշեց՝ Հայկ Բաբուխանյանի հայտարարությունն անհիմն է: «Եվ ես այս փաթեթը Բաբուխանյանին ներկայացնում եմ ուսումնասիրության համար, որ այս ամբիոնից չհնչեն անտեղի հայտարարություններ կառավարության մասին»,- եզրափակեց Նազարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am