«Երևանյան բեսթսելեր». «Հայկական հեքիաթներ» գիրքն առաջին տեղում է. մանկական գրականություն. հոկտեմբեր, 2018

Armenpress 10:22, 23 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը երկրորդն է: Փոքրիկ աղջիկը ցանկանում է գտնել իր պապիկի կորած քունը և հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է տուն, պապն արդեն քնած է լինում։

Երրորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:

Ա. Կոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» գիրքը չորրորդն է: Հանրահայտ Շերլոք Հոլմսի անհավանական, գրավիչ և անսպասելի շրջադարձերով լի արկածները պատանի ընթերցողներին հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու իրենց շրջապատող աշխարհն ու երևույթները, զարգացնելու քննադատական մտածողության հմտությունները:

Հինգերորդ հորիզոնականում է «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Գիրքը վերահրատարակվել է, ներառում է նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ... «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»  նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլեւ բոլորի համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ...

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն վեցերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Յոթերորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը: Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

Ութերորդ հորիզոնականում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը: Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր յուրովի են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:

Իններորդ հորիզոնականում է  «Արև, արև, եկ, եկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն: Այն ներառում է տարբեր սերունդների ներկայացուցիչ հայ մանկագիրների գործերը: 

Տասներորդ հորիզոնականում է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» գիրքը:  Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:

 

Տեղ. Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0 «Հայկական հեքիաթներ» GSM 28 2 * «Գտնված երազ»  Մանմար 24 3 +5

Ռոալդ Դալ

«Չարլին և շոկոլադի գործարանը»

Անտարես 17 4 *

Ա. Կոնան Դոյլ

«Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են»

Անդրանիկ 17 5 *

«Աշխարհի իմաստուն

հեքիաթներ»

Էդիթ Պրինտ 17 6 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 16 7 *

Ջաննի Ռոդարի

«Չիպոլինոյի արկածները»

Զանգակ 15 8 *

Լուիս Քերոլ

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Զանգակ 12 9 * «Արև, արև, եկ, եկ» Էդիթ Պրինտ 12 10 *

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ

«Խորհրդավոր պարտեզը»

Զանգակ 10

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am