Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից մինչև 3.5 դրամով իջեցնելու հնարավորություն կա

Armenpress 15:25, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Համապատասխան ռեզերվներ հայթայթելու դեպքում փետրվարի 1-ից հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում նվազեցնել 3-3.5 դրամով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հարցերը քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով հանձնաժողովի 1 ամսվա աշխատանքները:

«Սակագնի իջեցման հիմքում դրված են այն բոլոր գործողությունները, որոնք պետք է կատարեն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նրանք պետք է բանակցեն արտադրող կայանների, նաև բնական մենաշնորհ ունեցող ընկերությունների հետ, որ կարողանան ռեզերվները տեղայնացնել կամ փաստագրել: Եթե հայթայթվեն միջոցներ, մենք կարող ենք փետրվարի 1-ից շուրջ 3-3.5 դրամի սահմաններում իջեցում ունենալ»,-ասաց Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ սակագնի իջեցման համար ռեզերվներ են պետք: Դրանցից են ատոմային էլեկտրակայանը, ջերմային էլեկտրակայանը: Ռեզերվ է նաև այն, որ պետք է իջեցվի ՀԷՑ-ի շահութաբերությունը: Ներկայում ՀԷՑ-ի շահութաբերությունը կազմում է 14 տոկոս, Մելքումյանի կարծիքով՝ այն պետք է իջնի 12 տոկոսի:  Մելքումյանը ռեզերվ է համարում նաև կորուստների նվազեցումը: «Էլեկտրաէներգիայի սակագնի մեջ դրված է 11.03  տոկոս կորուստ, բայց փաստացի 9.5 տոկոս կորուստ ունենք: Եվ այդ կորուստները 2020-ին պետք է իջնեն մինչ 7.4 տոկոսի: Մենք առաջարկում ենք 2019-ին կորուստները նվազեցնելով հասցնել 7.5 տոկոսի: Կորուստների ավելի արագ նվազեցումն էլ կարտահայտվի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ»,-նշեց նա:

Նրա կարծիքով՝ ծախսերի օպտիմալացում պետք է արվի: Մելքումյանը նշեց, որ այսօր ատոմային էլեկտրակայանում ընթանում են ռեսուրսի երկարացման լայնածավալ վերանորոգման աշխատանքներ: «Հաջողվել է զուգահեռ իրականացնել աշխատանքներ, որ ատոմակայանն ավելի աշխատի, և մոտ 20-25 մեգավատի լրացուցիչ ռեզերվ է բացահայտվել: Եվ կարող ենք արձանագրվել, որ 1-1.5 դրամի էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման ռեզերվ ունենք»,-նշեց Մելքումյանը:

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով իջեցնելու համար անհրաժեշտ է 27 մլրդ դրամ: Այսինքն՝սակագնի իջեցման համար պետք է հայթայթվեն ռեզերվներ։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am