Այն, ինչ ասել եմ, տեղի կունենա. Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է Բելառուսի նախագահից պարզաբանում պահանջելու մտադրությունը

Armenpress 12:36, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ պարզաբանում է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստի ընթացքում քննարկված հարցերը Բելառուսում Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու հարցի հետ կապված: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ այն, ինչ ասել է օրեր առաջ, շարունակում է մնալ ուժի մեջ:

Անդրադառնալով  ի պատասխան իր խոսքերի Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը՝ Փաշինյանը նախ նշեց, որ Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը հայկական կողմից արձագանք եղել է. « Ես ինքս  ինչ ունեի ասելու,  անձամբ եմ բարձրաձայնել, և այս հարցում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, ումից ես որևէ արձագանք չեմ ստացել: Իսկ ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ: Եվ որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, տեղի կունենա: Այսինքն,  ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավելեց՝ չեն պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց: Նա շեշտեց, որ պատրաստվում են սկզբունքորեն, հետևողականորեն, նաև գործընկերության միջավայրում՝ պաշտպանել Հայաստանի ազգային շահերը:

Անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կլինի, եթե դեկտեմբերի 6-ին չհաջողվի կոնսենսուսի հասնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի  ընտրության հարցում, Փաշինյանը պատասխանեց. «Եթե կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու ուղղությամբ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am