Լեռնակերտցիները Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին բնակավայրի հիմնախնդիրները

Armenpress 13:05, 19 Նոյեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի վարչական կազմում ընդգրկված Լեռնակերտ բնակավայրի բնակիչները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացրին տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպումը կայացավ Լեռնակերտի հիմնական դպրոցի շենքում, որտեղ մարզպետը զրուցեց համայնքի ղեկավարի, բնակիչների, դպրոցի տնօրինության եւ մանկավարժների հետ՝ տեղում քննարկելով բնակավայրի հիմնախնդիրները: «Լեռնակերտը չունի դպրոցի շենք, մշակույթի տուն, բուժկետ, բնակավայրը մայրուղուն կապող ճանապարհ, խմելու ջրի մատակարարման համակարգ, ոռոգման ջրանցքը նորոգման կարիք ունի: Հիմնական դպրոց հաճախող 40 երեխաները դասերը, այն էլ երկհերթ կարգով, անցկացնում են խարխուլ շինության մեջ, որը զուրկ է անգամ տարրական պայմաններից:

Եթե կառուցվի համայնքային կենտրոն ու հիմնանորոգվի մայրուղուց գյուղ մտնող ճանապարհը, մեր հոգսերը կթեթեւանան, երիտասարդները կմնան գյուղում, բնակավայրը կզարգանա»,-մարզպետին ներկայացրին լեռնակերտցիները: Գեղհովիտ համայնքի ղեկավարն իր հերթին վստահեցրեց, որ խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման աշխատանքները կսկսվեն 2019 թվականին, իսկ համայնքային կենտրոնի կառուցման համար խնդիրը բարձրացված է մարզպետարանի եւ կառավարության առջեւ: «Տեսնում ենք, որ բարձրլեռնային այս գյուղում կյանքն ունի իրեն յուրահատուկ դժվարությունները, որը մեզ պարտավորեցնում է՝ առավել ուշադրություն սեւեռել ձեր կենսապայմանների բարելավմանը:

Մի վհատվեք ու հավատացեք, որ շատ շուտով դուք ականատեսը կլինեք դրական փոփոխությունների»,-լեռնակերտցիներին քաջալերեց մարզպետը: Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am