Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն խմբակային այցերի համար մարդիկ այսուհետև կարող են ամրագրում կատարել կայքում

Armenpress 12:45, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի նոր կայքը բազմաթիվ նոր հնարավորություններ է ընձեռում: Կայքի միջոցով այսուհետև կարելի է այցելությունների համար ամրագրում կատարել, ծանոթանալ հետաքրքրիր տեղեկությունների, խաղալ կրթական խաղեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը ներկայացրեց նոր թարմացված կայքը:

«Այցելուների կենտրոնը գործում է դեռ 7 տարի առաջվանից, մենք այդ պահից ունենք կայք, սակայն զարգացումը պահանջեց այն թարմացնել: Բացի այդ, մենք նկատի ենք ունեցել նաև մեր գործընկեր Կենտրոնական բանկերի այցելուների կենտրոնների կայքերի նորամուծությունները: Արդյունքում այցելությունների համար գրանցման համակարգն ամբողջապես ներառեցինք կայքում: Այցելությունների ամրագրումն այսուհետև կարելի է կատարել կայքում: Հայտը հաստատելուց հետո, մենք նրանց էլեկտրոնային տարբերակով հաստատում կուղարկենք։ Իսկ այցելությունից երկու օր առաջ համակարգը այցելուներին հիշեցում կուղարկի: Մենք ստեղծում ենք նաև այցելուների բազա»,-ասաց Բարսեղյանն ու հավելեց, որ հնարավոր է նաև, որ զանգերով մուտքագրեն տվյալները:

Նախապես ամրագրում պետք է անեն խմբակային այցելությունների համար: Կայքում հասանելի վիրտուալ տուրը հիմա դարձել է ավելի ժամանակակից: Դրա շնորհիվ մարդիկ որոշակի պատկերացումներ կարող են ունենալ ցուցանմուշների վերաբերյալ: Դրամագետների, սովորական քաղաքացիների համար հետաքրքիր փաստեր են ներկայացվելու նորությունների բաժնում: Կներկայացվի ինֆորմացիա՝ դրամի պատմության, դրամաշրջանառության մասին: Նախկինում գործած «Տպավորությունների գիրքը» ևս ներկայացված է լինելու կայքում: Այցելուներն իրենց տպավորություններով կարող են կիսվել կայքում, իսկ հաստատումից հետո այդ կարծիքը կհայտնվի կայքում:

Կայքում ներառվել են նաև կրթական խաղեր: «Հիմա տեղադրված է դրամի փազլը, որը կարելի է հավաքել մեծ կամ մանր կտորներով: Տնտեսական ֆուտբոլ խաղը ևս ներկայացված է: Այդ ուղղությունը զարգացնելու ենք, քանի որ այցելուների կենտրոնը ոչ միայն թանգարան է, այլ նաև կրթական համալիր»,-նշեց կենտրոնի ղեկավարն ու հավելեց, որ կայքում հասանելի են նաև իրենց գրադարանի մի շարք նոր գրքեր:

Այցելուների կենտրոնը 7 տարվա ընթացքում ունեցել է արդեն 70 000 այցելու: Խմբերը կենտրոնում անցկացնում են 2-2.5 ժամ: Խմբերին տրամադրվում է գիդ, անհատների համար՝ ոչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am