ԵՊԲՀ-ում բացվել է օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիր Քրիստափոր Պետրոսյանի կիսանդրին

Armenpress 18:33, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում այսօր տեղի է ունեցավ օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիր Քրիստափոր Պետրոսյանի կիսաել բացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանը հանդես եկավ բացման խոսքով՝ նշելով, որ կիսանդրու բացումը դեռ առաջին քայլն է. «Մեզ համար այսօր մեծ պատիվ է մեծարել Քրիստափոր Պետրոսյանին, եթե չմեծարես՝ չես կարողանա առաջ նայել: Կիսանդրու բացումը կլինի առաջին քայլը, հունվարին նախատեսվում է նշել 120-ամյակը»:

Օրդուրյանի խոսքով՝ ամբիոնը շարունակում է պահպանել իր առաքելությունը.

«Ամբիոնը միշտ եղել է դարբնոց, այն շարունակում է իր աշխատանքը: Մենք ունենք Քրիստափոր Պետրոսյանի անվան ուսանողական-գիտական խմբակ, որտեղ աշխատում են ուսանողները, ամբիոնը շնչում է»:

Քրիստափոր Պետրոսյանի ծոռ՝ օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյանն էլ իր խոսքում նշեց, որ խորապես հուզված է՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար:

«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Մուրադյանին, ով ընձեռեց և հնարավորություն տվեց կազմակերպելու կիսանդրու բացումը»,-ասաց նա՝ ներկայացնելով Քրիստափոր Պետրոսյանի գիտական և աշխատանքային գործունեությունը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ այսօր իր համար և՛ հիշարժան, և ՛ պատմական օր է.

«Քրիստափոր Պետրոսյանի անունը մանուկ տարիներից եմ հիշում, տատիկս ևս եղել է նրա աշակերներից : Համալսարանի հարստությունն իր պատմությունն է, պրոֆեսորադասախոսական անվանի գիտնականները:  Մեր պտուղները մեր ուսանողներն են, ովքեր ևս ճանաչված են դառնալու հետագայում: Այսօր համալսարանն ունի պարծենալու մեծ հնարավորություն, որովհետև բժշկական հանրությունը միայն համակեցություն չէ, այլ ուղղահայաց կապերով ստեղծված ցանց, և պատմությունը չի ճանաչում առանց ուսուցիչների բժշկություն»:

Նշենք, որ Քրիստափոր Պետրոսյանը օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիրն է: Ծնվել է 1889 թվականին: Եղել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ ։ 1914 թվականին ավարտել է Բորդոյի (Ֆրանսիա) համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1915-1930 թթ. աշխատել է Բաքվում, Էնզելիում (Իրան), Աշխաբադում, Տաշքենդում։ 1930 թվականից եղել է Երևանի բժշկական ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության դասընթացների, 1932-1959 թթ.` միաժամանակ, տեղագրական անատոմիայի և վիրահատական վիրաբուժության ամբիոնի վարիչը։ 1939 թվականին ՀՀ-ում ստեղծել է առաջին օրթոպեդիական բաժանմունքը, բուժական ֆիզկուլտուրայի և մերսման կաբինետ, օրթոպեդական կոշիկի ու պրոթեզների արհեստանոց։ 1941-1945 թթ. Եղել է ՀՀ-ում տեղակայված էվակոհոսպիտալների գլխավոր վիրաբույժը, 1946-1953 թթ.` օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ (1959 թվականից Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ԳՀԻ, 1962 թվականից՝ Պետրոսյանի անվան) տնօրենը, 1953-1961թթ. փոխտնօրենը։ Նրա աշխատանքները վերաբերվում են հոդի արթրոպլաստիկային, ուսահոդի սովորութային հոդախախտի, ծնկոսկրի կոտրվածքի բուժմանը։ Առաջարկել է ոսկրահատման, վիրաբուժական սեղան, ծռաթաթության օրթոպեդական կոշիկ, վաղ մանկական հասակում ազդրի բնածին հոդախախտի բուժման հարմարանք, դժվարաշարժ հոդերի ֆուկցիայի վերականգնման հարմարանքներ և սարքավորումներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am