Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանը կներկայացնի առաջին փոխվարչապետը

Armenpress 17:49, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին փոխվարչապետի կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու և Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու մասին որոշում է ստորագրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշման մեջ մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրասիական միջկառավարական խորհրդում` իրականացնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածով սահմանված Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդում քննարկման ենթակա հարցերի շուրջ որոշումների կայացմանն ուղղված գործառույթներ»:

Հայաստանում Սահմանադրական փոփոխություններից հետո իրավական ամրագրում չէր կատարվել, որով ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մեր երկիրը ներկայացնելու է առաջին փոխվարչապետը: Դա էր պատճառը, որ միջկառավարական խորհրդի վերջին նիստին Հայաստանը ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը մասնակցելու է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որին մասնակցում են ԵԱՏՄ երկրների նախագահները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am