Ավարտվել է ընտրական իրավունքների խախտման փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննությունը

Armenpress 12:47, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լ. Մ.-ն  խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև նրանց` որպես քաղաքացու, ընտրական իրավունքի ազատ  իրականացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ մեղադրանքի` Լ. Մ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 16-ին «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական շտաբում հանդիպել է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ Լ. Ջ.-ին ու Է. Ջ.-ին և նրանցից պահանջել հանձնաժողովի անդամի համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վճարվող 55.000 ՀՀ դրամ աշխատավարձի դիմաց 10-ական ձայն ապահովել նշված կուսակցության օգտին, հակառակ դեպքում՝ հայտնել ինքնաբացարկներ: Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն

ներկայացրել են ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ գրավոր դիմումներ ու հեռացել նախընտրական շտաբից:

Այնուհետև, կատարվածի վերաբերյալ իրենց դժգոհությունները «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը հայտնելուց հետո, Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 18-ին ԿԸՀ-ից տեղեկացել են, որ վերականգնվել են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ և կարող են կրկին իրականացնել իրենց լիազորությունները: 

Լ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am