Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 58-ի

Armenpress 09:51, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհի զոհերի թիվը 48-ից հասել Է 56-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հայտնել Է Բյութի շերիֆ Քորի Հոնեան մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր ABC հեռուստաընկերությունը: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում Է 58: «Այսօր հայտնաբերվել են եւս ութ մարդու մարմնամասեր: Դա Բյութի օկրուգում զոհվածների թիվը հասցնում Է 56-ի»,- տեղեկացրել Է Հոնեան: Նրա խոսքով՝ նրանք բոլորն Էլ զոհվել են հրդեհի ճիրաններում հայտնված Պարադայս քաղաքի իրենց տներում:

Ինչպես հայտնել Է The New York Times թերթը, հրդեհից, որին տրվել Է «Քեմպ» անվանումը, ամբողջովին այրվել Է 418 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 7,6 հազար տուն ու շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ են դարձել 6,5 հազար բնակելի շենք եւ առեւտրային նշանակության 260 շինություն: «Քեմպը» արգելափակված Է 35 տոկոսով: Կրակի դեմ պայքարելու համար Բյութի օկրուգում մոբիլիզացվել են ավելի քան 5,1 հազար հրշեջներ, 622 միվոր հատուկ տեխնիկա, 21 ուղղաթիռ, 107 բուլդոզեր եւ 71 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար:

Շուրջ 200 մարդ անհայտ կորած Է համարվում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am