Նիդերլանդների վերաքննիչ դատարանը հայերի դեմ բռնություն հրահրած Իլհամ Աշկինի գործով առաջին ատյանի վճիռը թողեց անփոփոխ

Armenpress 18:21, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների  Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 14-ին որոշել է նույնը թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը, որը բողոքարկել էր Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը: 2017 թվականի մարտի 17-ին Ալմելոյի առաջին ատյանի դատարանը Իլհամ Աշկինի գործով կայացրել էր վճիռ հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով: Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը:

«Վերաքննիչ դատարանը հրապարակեց վճիռը, որը վերահաստատեց առաջին ատյանի դատավճիռը, այսինքն՝ նրա պատիժը կմնա նույնը՝  120 ժամ հարկադիր անվճար աշխատանք և մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով»,- հայտնեց Մաթո Հախվերդյանը:

Վերաքննիչ դատարանի նիստը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, որոշումը հրապարակվել է այսօր՝ նոյեմբերի 14-ին:

Աշկինը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014-ին Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ մի քանի անգամ վանկարկել է. «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»: Առաջին ատյանի դատարանը նշանակել էր 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք և մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով, որն ավելի ծանր պատժամիջոց է, քան պահանջել էր դատախազությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am