Փաշինյանը երաշխավորում է, որ առաջիկա ընտրությունները լինելու են լավագույնը երրորդ Հանրապետության պատմության մեջ

Armenpress 18:06, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ պայքարելու են, որ առաջիկա ընտրություններում ոչ ոք, անկախ կուսակցական պատկանելիությունից,  փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Ոչ ոք փորձ չանի դպրոցների ուսուցիչներին ներքաշել ընտրական գործընթացների մեջ: Ոչ ոք փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել: Մենք այդ երևույթի դեմ շատ հստակ պայքարելու և հակազդելու ենք, անկախ նրանից, այդ մարդը կլինի իշխանական, թե ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ: Ես երաշխավորում եմ, որ մենք ունենալու ենք  Երրորդ Հանրապետության պատմության լավագույն ընտրությունները»,- շեշտեց Փաշինյանը:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը  նկատեց, որ ընտրությունների ժամանակ նոր անձնագրեր են տպվում, մեկ բնակարանում, սեփականատիրոջից անկախ, գրանցում են այլ մարդկանց:

«Ես բացառում եմ նման բան: Ինչպես կարող են նման բաներ տեղի ունենալ ներկայիս Հայաստանում»,- պատասխանեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ամեն դեպքում զգոնությունը չկորցնելու համար կոչ է անում քաղաքացիներին ուշադիր լինել իրենց բնակարանի հասցեում գրանցված անձանց ցուցակներին: Վարչապետի պաշտոնակատարը երաշխավորեց, որ նման բաներ անող մարդիկ խիստ պատասխանատվության կենթարկվեն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am