Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները

Armenpress 16:32, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ: Երկուստեք կարևորվեց ՄԱԿ հատուկ զեկուցողի այցը Հայաստան, ինչը լավ առիթ է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին տեղում ծանոթանալու և հետագա փոխգործակցության շրջանակն ուղենշելու համար:

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնելու բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ ուղղված երկրում օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը: Այս գործընթացում զրուցակիցներն ընդգծեցին կանանց ու երիտասարդության ներգրավվածության և քաղաքացիական հասարակության հետ երկխոսության կարևորությունը՝ որպես կայուն զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am