Արարատ Միրզոյանը ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում

Armenpress 14:46, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 14-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը:

«Ես առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում, որտեղ նախորդ անգամ ընտրվել եմ պատգամավոր»,- նշեց նա:

Արարատ Միրզոյանի խոսքով` ռեյտինգային թեկնածուների առաջադրման տարածքները որոշելիս առաջնորդվել են հստակ սկզբունքով, իսկ համամասնական ցուցակում տեղ գտած անուններին խորհուրդ տվեց տեղեկանալ ԿԸՀ-ից:

«Մենք աշխատել ենք ցուցակը կազմավորելիս առաջնորդվել այն սկզբունքով, որ տվյալ ընտրատարածքում ճանաչելի մարդիկ ընդգրկվեն տվյալ ընտրատարածքում։ Ցուցակում կան մարդիկ, ովքեր գործող խորհրդարանի տարբեր խմբակցությունների անդամներ են։ Շատ քիչ է մնացել, առաջարկում եմ սպասել ու ԿԸՀ-ից տեղեկանալ ցուցակներում ընդգրկված անձանց մասին»,- նշեց նա:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենք հստակ հանձնարարականներ են տվել, որպեսզի բացառվեն վարչական ռեսուրսի ապօրինի կիրառման դեպքերը, իսկ նման դեպքերի ականատես լինելու դեպքում հորդորեց տեղեկացնել պատկան մարմիններին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am