Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին չմասնակցելու մասին և կոչ արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

Armenpress 12:58, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամկավար Ազատական կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունն այդ մասին հայտարարություն է տարածել: 

«2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններից ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի: Ենթադրվում է, որ այդ ընտրությունները կլինեն Թավշյա հեղափոխության շարունակությունը և երկրում սկսված փոփոխությունները կհանգեն իրենց տրամաբանական ավարտին:

Ռամկավար Ազատական կուսակցությունը մի քանի օբյեկտիվ պատճառներով որոշեց ընտրություններին չմասնակցել: Միաժամանակ կուսակցությունը հավատարիմ մնալով իր որդեգրած <<ժողովրդի հետ, ժողովրդի համար>> հավատամքին, իր անդամներին և համակիրներին կոչ է անում իրենց ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին: Այսինքն`ձայն տալ ժողովրդի ցանկությունն արտահայտողներին, դրական վերափոխումներին և առաջընթացին:

Կուսակցությունը հույս ունի, որ դրանով իր համեստ նպաստն է բերում Հայրենիքի հետագա զարգացմանն ու հայ ժողովրդի դարավոր երազանքների իրագործմանը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am