Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

Armenpress 18:02, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝  Սամվել Մկրտչյանին  նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,- ասված է ՀՀ նախագհի հրամանագրում: 

Ներկայացնում ենք Սամվել Մկրտչյանի կենսագրական տվյալները. Սամվել Մկրտչյանը Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնել է 2016թ. մարտին։ Մինչ այդ նա 2010թ. դեկտեմբերից պաշտոնավարում էր որպես ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության տնօրեն։2004-2010թթ. նա եղել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության Առաքելության ղեկավար, դեսպան:

Առաքելությունը՝ որպես ինքնուրույն դիվանագիտական միավոր, հիմնվել է Ս. Մկրտչյանի պաշտոնավարմամբ։Մինչ այդ նշանակումը դեսպան Մկրտչյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրենն էր: Նա պատասխանատու էր բոլոր եվրոպական երկրների հետ երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային առնչությունների քաղաքականության մշակման և իրականացման համար: Նա նաև պատասխանատու էր Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունների համար:1994-2000թթ. նա պաշտոնավարել է որպես ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության փոխղեկավար, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունում և Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ Մշտական ներկայացուցչի տեղակալ: 1997-98թթ. նա նաև իրականացնում էր Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում ՀՀ Ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները:1996-99թթ. Մկրտչյանը Հայաստանի կողմից բանակցել է Հարմարեցված ԵՍԶՈՒ պայմանագիրը:

1995-97թթ. նա` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայկական բանակցային խմբի անդամ է եղել:Մկրտչյանն իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1991թ. որպես Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Սկանդինավյան և Բալթյան երկրների պատասխանատու: Կարճատև, մինչ Վիեննա գործուղման մեկնելը, նա ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչությունում վարում էր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունները:Մինչ դիվանագիտական ծառայության անցնելը Մկրտչյանն աշխատել է Պետական պատմական արխիվում, ապա Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում:Սամվել Մկրտչյանը մասնակցել է ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի մի շարք միջազգային խորհրդաժողովների և հանդիպումների, այդ թվում և ԵԱՀԿ Բուդապեշտի, Լիսաբոնի և Ստամբուլի գագաթաժողովներին:Սամվել Մկրտչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը 1981թ. և շարունակել կրթությունը Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում 1981-84թթ.: Նա մասնակցել է նաև Լիդսի համալսարանի դիվանագիտական կուրսերին 1993թ.:Բացի մայրենի հայերենից, դեսպան Մկրտչյանը սահուն տիրապետում է անգլերենին և ռուսերենին:Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959թ. մայիսին:Նա ամուսնացած է և ունի երկու երեխա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am