Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Armenpress 17:36, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այսօր հանդիպել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են կազմակերպության շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, մեր երկրի մշակույթն ու արժեքներն այս կառույցում լավագույնս ներկայացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր: 

Անդրադարձ է կատարվել Իրաքի Մոսուլ քաղաքի մշակութային ժառանգության վերականգնմանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը։ Այդ համատեքստում քննարկվել է նախաձեռնության շրջանակում Երևանի Մատենադարանի հետ համատեղ ծրագրի իրագործումը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ու հաջողված փորձը Սիրիայի փախստականների ինտեգրման, այդ թվում կրթության իրավունքի ապահովման հարցում։ 

Կողմերն ընդգծել են մշակութային և կրթական համատեղ ծրագրերի միջոցով մշակութային բազմազանության, համամարդկային արժեքների և հանդուրժողականության խրախուսման անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Հանրապետության նախագահը նաև ուշադրություն է հրավիրել Գյումրի քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական արժեքավոր շինություններին: Նշելով, որ դրանցից շատերն այսօր գտնվում են բավականին անմխիթար վիճակում՝ նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը դրանց պահպանման ու վերականգնման աշխատանքներին: Այդ առումով քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Գյումրիում պատմամշակութային արժեք ունեցող որևէ կառույցի վերականգնման հնարավորությունները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am