Հայտնի Է դարձել հանդիսատեսների վարկածով 2018 թվականի լավագույն ֆիլմը

Armenpress 12:13, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: People՚s Choice Awards ամերիկյան ամենամյա մրցանակի «2018 թվականի ֆիլմ» անվանակարգում հաղթող Է դարձել Marvel ստուդիայի «Վրիժառուներ. Անվերջության պատերազմը» արկածային մարտաֆիլմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Enews պորտալը:

Տարվա լավագույն դրամատիկական կինոնկար Է ճանաչվել Ջեյմս Ֆոուլիի «Ազատության հիսուն երանգները» ֆիլմը, լավագույն կատակերգություն՝ Սուզաննա Ֆոգելի «Լրտեսը, որն ինձ լքեց» ժապավենը, իսկ լավագույն ընտանեկան կինոնկար՝ «Սուպերընտանիք 2» մուլտֆիլմը:

Բացի այդ, հանդիսատեսները լավագույն կինոաստղերին են ընտրել տղամարդկանց ու կանանց շրջանում: Տղամարդկանց անվանակարգում հաղթող Է դարձել դերասան Չեդվիք Բոուզմանը, որը գլխավոր դերն Է խաղացել «Սեւ հովազ» ֆիլմում, իսկ կանանցից լավագույն կինոաստղ Է ճանաչվել Սքառլեթ Յոհանսոնը, որը նկարահանվել Է «Վրիժառուներ. Անվերջության պատերազմը» կինոնկարում:

People՚s Choice Awards-ը ամերիկյան մրցանակ Է, որը փոփ-մշակույթի գործիչներին շնորհվում Է հանդիսատեսների քվեարկության արդյունքներով: Այն հանձնվում Է ամեն տարի՝ սկսած 1975 թվականից: Մինչեւ 2005 թվականը յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին որոշում Էին սոցիոլոգիական հարցման օգնությամբ, այնուհետեւ քվեարկություն Է կազմակերպվել Համացանցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am