ՌԴ ներքին գործերի նախարարն ու Վալերի Օսիպյանը քննարկել են իրավապահ ոլորտում փոխհամագործակցության հրատապ հարցեր

Armenpress 11:27, 12 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը Նոյեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հայ գործընկերոջը` Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ երկու երկրներին միավորում են պատմական ամուր արմատներն ու երկարամյա գործընկերային հարաբերությունները, այդ թվում և իրավապահ ոլորտում: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում էլ ամրապնդել համագործակցությունը առկա և նոր քրեական մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում: Երկկողմ փոխգործակցության արդյունավետ գործիքներից մեկն էլ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիան է: Վլադիմիր Կոլոկոլցևը համոզմունք է հայտնել, որ Կոլեգիայի հերթական նիստը Հայաստանի Հանրապետությունում, 2019 թվականին, ինչպես միշտ, կանցկացվի բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջպետական օպերատիվ-կանխարգելիչ «Որոնում» գործողությանն ու Ինտերպոլի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող հարցեր: Վլադիմիր Կոլոկոլցևը պատրաստակամություն է հայտնել շարունակելու հայ մասնագետների ուսումնառությունը գերատեսչական ուսումնական հաստատություններում` բարձրագույն կրթության ծրագրերով, ու որակավորման բարձրացման դասընթացներում` հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am