Վիգեն Քոչարյանը Վաշինգտոնում ներկայացրել է Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները

Armenpress 14:35, 9 Նոյեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը 2018 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Վաշինգտոնում մասնակցել է «Իրավունքի, արդարադատության և զարգացման շաբաթ» միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Համաշխարհային բանկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտներում իրականացված և նախատեսվող բարեփոխումների ծրագրերը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող զարգացումները, այդ թվում՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակների ազգայնացման ու իրականացման գործընթացներում ՀՀ գրանցած առաջընթացը:

Նախարարի տեղակալը միջոցառման շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Համաշխարհային բանկի և այլ միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, քննարկել այդ կառույցների կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցության հետագա հնարավոր ձևաչափերը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի դատական համակարգի դիտարկման և գնահատման ծրագիրը, որը կմեկնարկի 2019  թվականի առաջին կիսամյակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am