Նախագահի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ փոփոխությունները գնահատվում են աշխարհում

Armenpress 13:16, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իմիջն աշխարհում բարձր է, քանի որ երկրում քաղաքակիրթ ձևով դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նախագահ Արմեն Սարգսյանը նման տեսակետ հայտնեց նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը, արդյոք, ճիշտ ուղղությա՞մբ է առաջ շարժվում:

«Հայաստանի կերպարը, իմիջը շատ բարձր է: Աշխարհում յուրօրինակ երկիր ենք, որովհետև քաղաքակիրթ ձևով դրամատիկ փոփոխություններ ենք արել: Դրան կարող եք տալ տարբեր անվանումներ՝ թավշյա հեղափոխություն, սիրո հեղափոխություն, նոր Հայաստան, իրականում արդյունքը հետևյալն է՝ Հայաստանում մենք արել ենք դրամատիկ փոփոխություններ՝ առանց արյան, առանց հակամարտության, առանց մեծ դժբախտության: Եվ սա գնահատվում է աշխարհում, գնահատվում է նաև սփյուռքի մեր հայ ժողովրդի կողմից»,-ասաց նախագահը:

Նրա կարծիքով՝ մեր բոլորի առաջ դրված է խնդիր՝ իրականություն դարձնել այդ դրական սպասելիքները: Եվ որպեսզի սպասելիքներն իրական դառնան, նախագահը տեսնում է բոլորի՝ յուրաքանչյուր հայի համագործակցության անհրաժեշտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am